ՆԱՏՕ-ն ուժեղացնում է Ռուսաստանի սահմանների մոտ ագրեսիվ հռետորաբանությունն ու ակտիվությունը: Անհրաժեշտ է անվտանգության ուժեղացման միջոցներ ձեռնարկել: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք պատասխան դրական արձագանք չենք տեսնում: Ընդհակառակը, ՆԱՏՕ-ն ուժեղացնում է մեր սահմաններին  իր ագրեսիվ հռետորաբանությունը եւ ակտիվ գործողությունները: Այդ պայմաններում մենք պարտավոր ենք առանձնահատուկ ուշադրություն դարձնել երկրի պաշտպանունակության բարձրացման խնդիրներին»,- ասել է Պուտինը Դումայի նիստում:

Նա նշել է, որ Ռուսաստանը բաց է հավաքական անվտանգության նոր արտաբլոկային համակարգ ստեղծելու համար, սակայն նշել է, որ Արեւմուտքը դեռ այդ նախաձեռնությունը դրական չի ընկալում:

«Անհրաժեշտ է ժամանակակից արտաբլոկային, բոլոր պետությունների համար հավասար հավաքական անվտանգության համակարգ ստեղծել: Ռուսաստանը բաց է այդ կարեւորագույն հարցի քննարկման համար եւ բազմիցս հայտարարել է երկխոսության պատրաստ լինելու մասին»,- ասել է ՌԴ նախագահը: