Եվրահանձնաժողովը դեմ է Մեծ Բրիտանիայի հետ ցանկացած բանակցությունների, մինչեւ ԵՄ կազմից դուրս գալու ցանկության մասին պաշտոնական ծանուցում ստանալը։ Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Նոր բանակցություններ չեն լինի առանց Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածի մասին ծանուցման»,– ասել է Սխինասը։

Նշենք, որ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածը կարգավորում է ԵՄ կազմից անդամ պետության դուրս գալը։

Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության հանրաքվեի արդյունքում քվեարկողների 51.9 տոկոսը կողմ է արտահայտվել Միությունից դուրս գալուն։