Երեւանի «Ֆիրդուսու» տարածքի իրացումը, ինչպես մյուս բոլոր իրացման գոտիներինը, շատ դանդաղ ու ցավոտ են ընթանում։ Պատճառները պարզելու համար NEWS.am-ի թղթակիցը փորձել է զրուցել նաեւ տեղի բնակիչների հետ։

«Առաջին որոշումը ստացել ենք 2002 թվականին, տարածքը ձեռք էր բերել City center developement կազմակերպությունը։ Բնակիչներով համախմբվեցինք հայց ներկայացրեցինք դատարան վիճարկելու բացառիկ պետական գերակա շահի առկայությունը»,-ասաց Ֆիրդուսի բնակիչ Անժելա Աղաջանյանը եւ շարունակեց. «Եթե դա բացառիկ պետական գերակա հանրային շահ է, ապա նշանակում է, որ պետք է ունենալ նախնական հաստատված նախագիծ՝ գլխավոր ճարտարապետի, ճարտարապետների միության, քաղաքաշինական խորհրդի կողմից, իսկ իրենք դեռեւս չգիտեն, թե ինչ են կառուցելու այս տարածքում։ Հասարակության կարիքները պետք է հստակ ամրագրվեն, բացառիկ գերակա շահի առկայությունը եւս պետք է հստակ լինի։Ամեն մի պետության եւ քաղաքաշինական ծրագիր չի կարող լինել բացառիկ գերակա շահ։ Միայն բացառիկ, հրատապ դեպքերը կարող են հիմք ծառայել հարկադիր օտարմանը, որը պետք է փոխհատուցվի շուկայական արժեքով։ Եթե ծրագիրը շահույթ է հետապնդում, ապա այն բացառիկ գերակա հանրային շահի հետ անհամատեղելի է, իսկ դատերից մեկի նիստի ժամանակ City center developement-ը հայտարարեց, որ ինքը շահույթ հետապնդող ծրագիր է իրականացնում, իսկ հաջորդ օրը ասաց, որ իրենք շահույթ հետապնդող կազմակերպություն են»։

Օրենքով «Ֆիրդուսի» բնակիչներին հասնում է նախնական համարժեք փոխհատուցում,սակայն «City center developement»-ի կնքած պայմանագրերը չեն պարունակում նախնական փոխհատուցում։ Նրանք պարզապես խոստանում են բնակիչների դուրս գալու դեպքում վճարել տան վարձը, հետո՝վերաբնակեցնել իրենց իսկ կառուցած շենքերում։

«Նրանք նախնական փոխհատուցում բնեղենով չեն առաջարկել,իսկ Սահմանադրական դատարանի պատասխանի մեջ երեւում է, որ մենք իրավունք ունենք փոխհատուցումը պահանջել բնեղենով կամ գումարային։ Իրենք նախնական փոխհատուցումը թղթով են տալիս,իսկ ով ցանկանում է գումարային ստանալ, նրանց այնքան չնչին գումար են առաջարկում, որ այդ մարդիկ ակնհայտ կհայտնվեն փողոցում։ Երաշխիք չկա, իսկ օրենքը նախատեսում է երաշխիք»,- բողոքում է տիկին Անժելան։

Նրա խոսքերով, եթե կազմակերպությունը իրենց իրական առաջարկ աներ, տարածքը մինչեւ 2008 թվականի հունվարի մեկը, ինչպես ծրագրել էին, կիրացնեին։

Այն հարցին,արդյոք կազմակերպության կողմից ճնշումներ նկատվում են, թե ոչ՝ տիկին Անժելան պատասխանեց, որ սկզբում ճնշումը ուժեղ էր։ Ինքնակամ տների բնակիչներին կազմակերպության ներկայացուցիչները առաջարկել էին տներ կառոցելու համար ուրիշ վայր գտնել, քանի որ նրանց փոխհատուցում չի հասնում։

«Մենք անցել ենք դատարանի բոլոր ատյաններով եւ հիմա մեր հայցը գտնվում է Եվրադատարանում։ Սկզբում դիմեցինք նախագահին,վարչապետին, ապա քաղաքապետին։ Հարցը բարձրացվեց ԱԺ, ստեղծվեց մինչգերատեսչական հանձնաժողով, համագործակցեցինք մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ նոր ինչ-որ տեղաշարժ սկսվեց՝ կատարվեց գույքի սեփականաշնորհում»,-պատմում է տիկին Անժելան ու շարունակում. «քանի որ հիմա իրավական դաշտը մեր կողմն է ու հարցը դեռ քննարկվում է, իրենք չեն կարող մեր նկատմամբ կիրառել հարկադիր օտարման մեխանիզմները։ Բայց հենց մեր դիրքերը թուլանում են եւ հնարավորություն է առաջանում՝ նրանք անմիջապես գալիս են եւ նորից սկսում են վախեցնել։ Եթե մենք հայց չունենայինք դատարանում,ապա մեզ հետ կվարվեին շատ ավելի վատ, քան թե Հյուսիսային պողոտայում եւ Բյուզանդի նախկին բնակիչների հետ»։

Ֆիրդուսու բնակիչները պահանջում են իրենց օրենքով հասանելիքը՝ այսինքն նախնական համարժեք փոխհատուցումը։

«Ժողովուրդը քանի տարի է տագնապի մեջ է։Իմ քաղաքացիական պարտքն է, որ ես պաշտպանեմ իմ ու իմ տարածքի բնակիչների իրավունքները,առաջ գնամ եւ հույսով եմ, որ ինչ որ մի բանի կհասնենք»,-եզրափակեց տիկին Անժելան։