Հայաստանի խորհրդարանն ընդունել է ծխախոտի եւ օղու մաքսային տուրքերի ավելացում նախատեսող օրինագծերի փաթեթը: Մասնավորապես փոփոխություններ են կատարվել «Ակցիզային հարկի մասին» եւ մի շարք այլ օրենքներում:

Նախագծի տրամաբանությունն այն է, որ փորձ է արվում հավասարեցնել ակցիզային դրույքաչափերը տեղական արտադրողի եւ նույն ապրանքը ներմուծողի համար:

Նշենք, որ ճգնաժամի ժամանակ Հայաստանի կառավարության որոշմամբ, տեղական ծխախոտ եւ օղի արտադրողների համար դրույքաչափերը նվազեցվել էին եւ նրանք յուրաքանչյուր ապրանքի համար 220 դրամով պակաս էին հարկվում, քան նույնպիսի ապրանքներ ներմուծողները:

Սակայն Առեւտրի միջազգային կազմակերպությունը, որի անդամ է նաեւ Հայաստանը, պահանջ դրեց երկրի առջեւ, որ ներկրողները եւ տեղական արտադրողները պետք է գան հավասար հարկման դաշտ: Հիշեցնենք, որ ԱՀԿ-ում Հայաստանի դեմ բողոք էր ներկայացրել Ուկրաինան, որտեղից էլ ներմուծվում է ծխախոտի հիմնական մասը:

Ըստ այսօր ընդունված փաստաթղթի՝ նախատեսվում է, որ տեղական ծխախոտ արտադրողների հարկումը պետք է ավելանա 15 դրամով մեկ տուփի համար, (200 դրամից բարձր գին ունեցող ծխախոտի համար), իսկ ներկրվող սիգարետների հարկումն ավելանում է 10 դրամով:

Տեղական օղու հարկումն ավելանալու է 120 դրամով՝ 1 լիտրի համար, իսկ ներմուծվող օղու 1 լիտրի հարկումն ավելանալու է ընդամենը 20 դրամով:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, թե ՀՅԴ-ն դեմ է նախագծին: Նա հայտարարել է, թե սա ի վնաս տեղական արտադրության է: «Այս օրենքի ընդունումից հետո հայրենական ծխախոտ եւ խմիչք արտադրողներն ուղղակի կլքեն Հայաստանը»- նշել է նա եւ հավելել. «Ինչպե՞ս կարող են օրենք ընդունել ի վնաս ներմուծողի: Չէ որ նրանք սիրուն-պուպուշ տղերք են, սուրբ կովեր»: Նա վստահություն է հայտնել, որ եթե Հայաստանի կառավարությունն ուզենար, կարող էր բացատրել, որ այս դժվարին պայմաններում նման օրենքի ընդունումը նպատակահարմար չէ եւ կվնասի արտադրողին, սակայն կառավարությունն ավելի շահագրգռված է ներմուծողի շահերի պաշտպանությամբ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, թե հետայսու այնպիսի օրենքներ են ընդունվելու, որոնք չեն վնասի տեղական արտադրողների շահերին եւ հույս է հայտնել, որ միգուցե այս օրենքի հետեւանքները մեղմելու համար կառավարությունը կարող է նրանց սուբսիդավորել: