2011 թվականին պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 850 մլրդ դրամ (մոտ 2,3 մլրդ դոլար), որն էականորեն գերազանցում է 2010 թ. հաստատված մակարդակը։ Հարկային եկամուտների շեմը նախատեսվել է 650 մլրդ դրամ (մոտ 1,8 մլրդ դոլար)՝ 2010 թ. 570 մլրդ դրամի (մոտ 1,5 մլրդ դոլար) համեմատ։ Ըստ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի՝ եկամուտների աճը տեղի կունենա ինչպես տնտեսական աճի, այնպես էլ վարչարարության խստացման շնորհիվ։

Սպասվում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2011 թ. կհասնի 17,3-17,4 տոկոսի։ 2010 թ. բյուջեի հիմքում դրված էր 16,8 տոկոս շեմը, սակայն ֆինանսների նախարարը հավաստիացրեց, որ 2010 թ. արդյունքներով հարկային պլանը կգերակատարվի, իսկ սույն ցուցանիշը կկազմի շուրջ 17 տոկոս:

Հարցին, թե ինչո՞ւ է սեպտեմբերին հարկերի հավաքագրումը դանդաղել եւ զիջում է օգոստոսի ցուցանիշը, թեեւ սեպտեմբերը, որպես հետարձակուրդային շրջան, որպես կանոն տնտեսական ակտիվության ավելի բարձր մակարդակ ունի, Տ. Դավթյանն  ասաց, որ 1-2 ամսվա կտրվածքով չի կարելի հեռուն գնացող հետեւություններ անել, քանի որ Հայաստանը փոքր երկիր է եւ տնտեսական գործոնների ցանկացած շեղում կարող է մակրոտնտեսական կարճաժամկետ հետեւանքներ ունենալ։