Հայաստանի պետական պարտքի ընդհանուր մակարդակն այս տարի կգտնվի ՀՆԱ-ի 42-44 տոկոսի սահմաններում։ «Սա հեռու է այն շեմից, որը համարվում է մտահոգությունների համար հիմք՝ դա ՀՆԱ-ի 50 տոկոսն է։ Իսկ օրենսդրությամբ իրավունք ունենք պետական պարտքն ավելացնել մինչեւ ՀՆԱ-ի 60 տոկոսը»,- այսօր` հոկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
Նրա խոսքով՝ այս տարի Արժույթի միջազգային հիմնադրամը վերակառուցել է ճգնաժամի ժամանակ ծանր պայմաններով հատկացված Սթենդ-բայ (Stand-By Arrangement) վարկը։ «Այս վարկը արագ է տրվում, սակայն խիստ պայմաններով»,- ասաց Տ. Դավթյանը, նշելով, որ այն հատկացվել էր 5 տարի ժամկետով։ Վարկի վերակառուցումից հետո ժամկետ է սահմանվել 10 տարին, որից 5 տարին՝ արտոնյալ (անտոկոս)։ Սթենդ-բայ համաձայնագրով Հայաստանը 2009 թ. ստացել է 237 մլն դոլար, իսկ համաձայնագրի ընդհանուր արժեքը 822 մլն դոլար է։



























