Անցած տարվա դեկտեմբերի 9-ին ինքնասպանության փորձ կատարած ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության` ժամկետային զինծառայողներ Ալբերտ Կարապետյանը, Սարգիս Մելքոնյանը, Վահրամ Տեր Վարդանյանը, Արկադի Ղազարյանը, Հարություն Միրզոյանը, Վահե Ղարիբյանն ու  Զավեն Առաքելյանը զորամասի պահեստասենյակ-սպայական աշխատասենյակում բռնություն են գործադրել Արազ Ապրեսյանի նկատմամբ, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Վիճաբանության մեջ են մտել զինծառայող Գրիգոր Բադոյանի հետ, բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ:

Ինքնասպանության փորձ կատարած Ռազմիկ Աբրահամյանն էլ սուտ մատնություն է կատարել, իսկ Հովհաննես Եղիազարյանն էլ իրեն ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգը անփութորեն զորամասի հետախուզական վաշտի սպայական աշխատասենյակ է տեղափոխել եւ առանց հսկողության թողել այնտեղ:

Ալբերտը, Սարգիսն ու Վահրամը կալանավորված են, իսկ մյուսները գտնվում են հրամանատարության հսկողության տակ:

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Նվերի Աբրահամյանը: Նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ռ.Աբրահամյանը տեղափոխվել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ, այնուհետեւ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա. Կարապետյանը,  Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը կալանավորված են:

Զինծառայողը նամակ է թողել հորը՝ հայտնելով, որ ինքնասպանության է դիմում համածառայակիցների պատճառով: