Ըստ Կենտրոնական բանկի հրապարակման՝ Հայաստանում գործող 21 բանկերից միայն երեքն են բաց բաժնետիրական ընկերություն՝ «Հայէկոնոմբանկը», «Արարատբանկը» եւ «Զարգացման հայկական բանկը»։ Սակայն այդ բանկերը դասական իմաստով «բաց» համարել չի կարելի, քանի որ առկա է բաժնետոմսերի չափից ավելի կենտրոնացում սահմանափակ թվով բաժնետերերի մոտ։ Այսպես՝ «Հայէկոնոմբանկի» բաժնետոմսերի 53,4 տոկոսը պատկանում է Սուքիասյան ընտանիքի 3 անդամներին, «Արարատբանկի» բաժնետոմսերի 74,1 տոկոսը՝ «Ֆլեշ» ընկերությանը։ «Զարգացման հայկական բանկի» 3 բաժնետերերի պատկանում է բաժնետոմսերի 52,8 տոկոսը, այդ թվում՝ 19,98 տոկոսը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանինն է։
Առեւտրային բանկերից 18-ը փակ բաժնետիրական ընկերություններ են, կա նույնիսկ բանկ, որ ՍՊԸ է («Պրոմեթեյբանկ»)։
Բոլոր բանկերն էլ ունեն օտարերկրյա փայատերեր։ Նրանցից 14-ում օտարերկրյա փայատերերի մասնաբաժինը գերազանցում է 50 տոկոսը, որից 12-ում՝ 95 տոկոսը։


























