«2011 թվականին մենք ոչ միայն կհատենք 2008-ի մակարդակը, այլ նաեւ առաջ կանցնենք»,- հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

«ՉԻ»-ն այս առթիվ հետեւյալ մեկնաբանությունն է զետեղել. «Տիգրան Դավթյանը զբաղեցնում է ֆինանսների նախարարի պաշտոնը, ինչը ենթադրում է, որ նա պիտի գոնե մինչեւ քսանը հաշվել իմանա։ Օրենքով այդ պահանջը ֆիքսված չէ, բայց ամեն դեպքում՝ ցանկալի է։ Բայց եթե նա մինչեւ քսանը հաշվել իմանար, նման հայտարարություն չէր անի։

Բանն այն է, որ 2009-ին Հայաստանի տնտեսական անկումը կազմել է մոտ 15 տոկոս։ Այս տարի նախատեսվում է 3-4 տոկոսանոց  աճ, 2011-ին՝ 4-6 տոկոսանոց (լավագույն դեպքում)։ Հիմա փորձենք հաշվել։ Ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսությունը մի տարում 15 տոկոսով անկում է ապրում, հետո աճում է  8-9 տոկոսով, ու արդյունքում դեռ մի բան էլ «առաջ ենք անցնում» 2008-ի մակարդակից։ Հասկանալի է, չէ՞, որ եթե 100-ից հանում ենք 15, հետո գումարում ենք 9, արդյունքը չի կարող 100-ից մեծ լինել։ Փաստորեն, ֆինանսների նախարարի ինտելեկտի համար սխալ նշաձող էինք սահմանել։ Նա պետք է ոչ թե մինչեւ 20-ը, այլ մինչեւ 100-ը հաշվել իմանա»։