«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինն այսօր` հոկտեմբերի 7-ին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությամբ եւ կմասնակցի դրան։ Ըստ Շայդուլինի՝ արդեն ստեղծվել է եռակողմ հանձնաժողով (Հայաստանի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունների եւ «Ռուսական երկաթուղիների» մասնակցությամբ), որի աշխատանքային խմբերում կմշակվեն երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումները։

Ըստ Շայդուլինի՝ այս նախագծի իրականացումն առնվազն 5 տարի կպահանջի, իսկ հաջորդ տարվա ապրիլին պարզ կդառնա, թե այն որքան կարժենա։ Ինչ վերաբերում է «Հարավկովկասյան երկաթուղիներին», ապա, ըստ Շայդուլինի, այն այդ գործընթացում ներգրավված չէ, քանի որ հավատարմագրային կառավարման պայմանագրով նման պարտավորություններ չունի։

Կապան-Մեղրի ներկայումս չգործող երկաթգծի քանդման վերաբերյալ Շայդուլինն ասաց, որ տեղյակ են, եւ այդ հարցով դիմել են նաեւ կապի եւ տրանսպորտի նախարարությանը։ Նա նշեց, որ քանդվող երկաթգծի փոխարեն ներկայում ավտոմոբիլային ճանապարհներ են կառուցում։ Սակայն Շայդուլինը դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում, քանի որ չգործող երկաթուղին արդեն ֆիզիկապես մաշվել է։ «Իրան-Հայաստան երկաթգիծն անցնելու է նույն տեղով, ինչ Մեղրի-Կապան երկաթգիծն է։ Այն արմատապես պետք է վերանորոգվի, իսկ այն հատվածները, որ ավտոմոբիլային ճանապարհի են վերածվել, կրկին պետք է դրվեն ռելսերի տակ»,- ասաց Շայդուլինը։