Հաջորդ շաբաթ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում Հանրապետական կուսակցության 2016 թ. համաժողովի կապակցությամբ Ամերիկայի հայկական Համագումարը (Համագումար) ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության ոգեկոչման ճանապարհային վահանակների քարոզարշավի՝ ցուցադրելով նախագահ Ռոնալդ Ռեյգանի Հայոց ցեղասպանությունը Ճանաչող հայտարարությունը:

Քլիվլենդի համաժողովին մոտ 50,000 մասնակից է սպասվում, եւ ճանապարհային վահանակները Համագումարի ընթացիկ հանրային իրազեկման նախաձեռնության մի մասն են կազմում: Նրանք հիշեցում են այն բանի, որ պետք է ճշմարտությունը հաստատվի եւ դասեր քաղվեն անցյալից, որպեսզի կանխարգելվեն հետագա ցեղասպանությունները:

Պաշտոնավարման առաջին տարիների ընթացքում նախագահ Ռեյգանը հայտարարություն էր արել, որտեղ մասնավորապես ասվում էր. §Ինչպես դրան նախորդած հայերի ցեղասպանությունը եւ դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունը – ինչպես նաեւ նման շատ ու շատ այլ հետապնդումներ շատ ու շատ այլ ժողովուրդների նկատմամբ – Հոլոքոստի դասերն երբեք չպետք է մոռացվեն¦:

Առաջին երկու ճանապարհային վահանակները, որ գտնվում են միջնահանգային I-77 կոչվող մայրուղու հյուսիսային ուղղությամբ, Գրանթ պողոտայի մոտ (համաժողովի անցկացման վայրին մոտ) եւ Քարնեգի պողոտայի արեւմտյան ուղղությամբ, 1981 թ. ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հայտարարությունից մի հատված են ներկայացնում:

«Քլիվլենդի հայկական համայնքին, եւ մասնավորապես մեր ծխականներին անչափ ուրախացրել է երկու վահանակների առկայությունը», - նշել է տեր հայր Հրաչ Սարգսյանը, Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ Առաքելական եկեղեցու քահանան: «Ճանապարհային վահանակները հայ համայնքի խոսակցությունների թեման են: Ժողովուրդը պարզապես հիացած է¦:

Ճանապարհային վահանակների լրատվական քարոզարշավը վերահսկել էր Համագումարի Օհայոյի նահանգային նախագահ Արա Բաղդասարյանը, ով նաեւ Քլիվլենդի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակության հանձնաժողովի անդամ է:

«Ռոնալդ Ռեյգանը, ով ամենահարգված հանրապետական առաջնորդներից մեկն էր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ ցեղասպանություն եզրույթն օգտագործած միակ պաշտոնավարող նախագահն է: Այս ճանապարհային վահանակների միջոցով եւս մեկ անգամ կկրկնենք Ռեյգանի հայտարարությունը եւ կօգնենք հասնել նրան, որ հաջորդ նախագահը՝ լինի նա հանրապետական կամ դեմոկրատ, վերահաստատի Հայոց ցեղասպանությունը», - ասել է Բաղդասարյանը: «Ցանկանում ենք օգտվել հնարավորությունից՝  Հայոց ցեղասպանության մասին մեր ուղերձը փոխանցել Հանրապետական համաժողովի ժամանակ Քլիվլենդ ժամանող այցելուներին: Այստեղ են սեւեռվելու աշխարհի ուշադրությունն ու մամուլը, եւ մենք հնարավորություն ունենք մեր ձայնը հասանելի դարձնելու»:

Քլիվլենդ արտաքին գովազդային ընկերության սեփականատեր Դեբբի Աբդալյան-Թոմփսոնի նվիրատվությամբ Համագումարը տեղադրել է վահանակներից երկուսը՝ ի  հիշատակ Հայոց ցեղասպանության 101-ամյակի, ինչպես նաեւ համաժողովի ընթացքում հանրային իրազեկությանը նպաստելու համար: Երրորդ վահանակն ավելացվել է Գերմանիայի կողմից  հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության հաստատումից հետո: Ամենավերջին ճանապարհային վահանակի վրա գրված է.«Ճշմարտությունն ընդդեմ ազգային շահի» եւ «Շնորհակալություն Գերմանիա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»: Այն մշակվել է §Peace of Art¦ ընկերության կողմից եւ գտնվում է միջնահանգային I-77 կոչվող մայրուղու հարավային ուղղությամբ, 157-րդ մղոնի ցուցատախտակի մոտակայքում:

«Նաեւ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Դեբբի Աբդալյան-Թոմփսոնին եւ Քլիվլենդ արտաքին գովազդային ընկերությանը՝ վերջինիս առատաձեռն աջակցության համար», - հավելել է Բաղդասարյանը: