ԱՄՆ-ի նախագահության հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դեմոկրատ Բեռնի Սանդերսի կողմնակիցներին կոչ է արել իրեն միանալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Բեռնիի բոլոր ընտրողներին, որոնք ուզում են կանգնեցնել առեւտրական վատ համաձայնագրերը եւ առանձնահատուկ գլոբալ շահերը` մենք գրկաբաց ողջունում ենք ձեզ: Մարդիկ ամենակարեւորն են», — Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

Սանդերսը երեքշաբթի պաշտոնապես աջակցել է Հիլարի Քլինթոնի թեկնածությանը որպես Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի: Մինչ այդ, քաղաքական գործիչը սեփական նախընտրական արշավն էր անցկացնում եւ երկար ժամանակ կուսակցությունում Քլինթոնի միակ մրցակիցն էր: Իր ելույթում Սանդերսը, ինչպես եւ նախկինում, կոչ է արել թույլ չտալ, որ Թրամփը նախագահ ընտրվի:   

Նա էլ իր հերթին հայտնել է, որ «Բեռնին այժմ պաշտոնապես կոռումպացված համակարգի մաս է կազմում». նա նկատի ունի ինչպես Քլինթոնին, այնպես էլ Բարաք Օբամայի գործող վարչակազմը: 

Դեմոկրատական կուսակցության համագումարը, որին պաշտոնապես կառաջադրվի Քլինթոնի թեկնածությունը, կընթանա Ֆիլադելֆիայում  (Փենսիլվանիայի նահանգ) հուլիսի վերջին: Հաջորդ շաբաթ Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) կընթանա հանրապետականների համագումարը, որին պաշտոնապես կառաջադրվի Դոնալդ Թրամփի թեկնածությունը:   

Ներկայումս, ըստ սոցիոլոգիական հարցումների մեծամասնության, Քլինթոնը Թրամփից առաջ է միջինը 4-6 տոկոսով, ավելի վաղ Սանդերսը կայուն կերպով առաջ էր ընկած Թրամփից: Հենց դրանով է բացատրվում հանրապետականի կոչը Սանդերսի ձախ դեմոկրատական ընտրազանգվածին` ամեն դեպքում, դրա այն մասին, որն ի սկզբանե տրամադրված էր նախկին պետքարտուղարի դեմ: Ազատական ընտրողների որ տոկոսը Քլինթոնի հանդեպ տհաճության պատճառով կորոշի քվեարկել աջակողմյան քաղաքական գործչի օգտին, ցույց կտան առաջիկա հարցումները, ինչպես նաեւ ընտրությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերի 8-ին: