Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչի հայտարարությանը, որում վերջինս կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանը խթան է հանդիսացել Վոլինյան ողբերգական իրադարձությունների համար: Ֆեյսբուքյան իր էջում Զախարովան գրել է, որ կցանկանար Վարշավայի հետ երեք հարց պարզել: Նախ եւ առաջ, արդյոք նախարարի դիրքորոշումը համընկնում է երկրի պաշտոնական դիրքորոշման հետ, եւ երկրորդ, «կա որեւէ պատմական իրադարձություն կամ բնական երեւույթ, որի համար Ռուսաստանը մեղավոր չէ»: Բացի այդ ռուսական իշխանությունների ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել , որ «նման ազգայնամոլական հայտարարությունները խրախուսելով՝ Լեհաստանի կառավարությունը կենցաղային ռուսատյացությունից աննկատ գնում է դեպի ազգային ատելության հրահրում»:
Մեկնաբանություններից մեկում Զախարովան նաեւ գրել է, որ «Վարշավային տրված հարցերից» հետո ակնկալվում է, որ Ֆեյսբուքում երկրի պաշտոնատար անձանց կողմից պատասխան կհնչի։
Նախօրեին Մաչերեւիչը Լեհաստանի TVP հեռուստաալիքի եթերում կարծիք էր հայտնել, որ Մոսկվան օգտագործել է ուկրաինական ազգայնականներին 1930-1940-ականների իրադարձությունների համար, եւ Վոլինյան ողբերգությունը որակել էր իբրեւ ցեղասպանություն: Անցյալ շաբաթ Լեհաստանի Սեյմը Վոլինյան ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին որոշում էր կայացրել։




























