Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, որը չորեքշաբթի` հուլիսի 13-ին կլքի իր պաշտոնը, սկսել է տեղափոխվել Լոնդոնում` Դաունինգ-սթրիթում նստավայրից: The Daily Mail-ը հայտնում է, որ իրերի փաթեթավորման համար տարբեր չափերի 330 տուփ են բերել, պոլիէթիլենային ժապավենի երեք գլանափաթեթ, 30 կոճ սքոչ եւ փաթեթավորման թղթի երկու տուփ:
Քեմերոնի ընտանիքը մեկ օր ունի իրերը հավաքելու համար, նշում է պարբերականը: Թե ուր կտեղափոխվի վարչապետը, առայժմ հայտնի չէ, որովհետեւ զույգը վարձով է տվել Նոթինգ Հիլլում իրենց տունը: Բնակիչներին արդեն ծանուցում է ուղարկվել բնակտարածքը լքելու խնդրանքով:
Հաղորդվում է, որ Քեմերոնը չորեքշաբթի` հուլիսի 13-ին Դաունինգ-սթրիթ №10 հասցեում գտնվող տան բանալիները կփոխանցի Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետին` Թերեզա Մեյին: Մինչ այդ նա կուղեւորվի Բուքինգեմյան պալատ հրաժարականի դիմում ներկայացնելու, հայտնում է Lenta-ն:




























