Չինաստանում iPhone սմարթֆոնները դժգոհության եւ բողոքի արտահայտության թիրախ են դարձել: Համացանցի չինացի օգտատերերը, վրդովված Հարավ-Չինական ծովի հարցով միջազգային դատարանի վճռի առիթով, որոշել են զայրույթը թափել ամերիկյան Apple ընկերության արտադրանքի վրա:

Ըստ Asian Correspondent-ի, չինացիները սկսել են սոցցանցերում կոտրված սմարթֆոնների լուսանկարներ հրապարակել՝ կոչ անելով բոյկոտել ամերիկյան ապրանքներն ԱՄՆ-ի եւ Ֆիլիպինների սերտ հարաբերությունների պատճառով:

Նախօրեին միջազգային դատարանը վճիռ էր հրապարակել, որի համաձայն՝ Չինաստանը «պատմական իրավունքներ» չունի Հարավ-Չինական ծովի վիճելի տարածքների նկատմամբ: Չինաստանն իր հերթին հայտարարել է, որ չի ընդունում եւ չի ճանաչում այդ վճիռը: