Իտալական ընկերությունը մտածում է Հայաստանում բեռնատարների համար կիսակցորդների արտադրության մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Politaly ընկերության տնօրեն Ֆիլիպո Դուցոնին: Politaly-ն, որը գործում է Աբովյան քաղաքում, ստեղծել է ինդուստրիալ գոտի, որտեղ օգնում է տեղակայվել իտալացի ձեռներեցներին: Դրանցից մեկը թողարկում է պիցցա, որն արդեն արտահանում է: Մեկ այլ ընկերություն բացել է սրճարան եւ բարեր: Եվս մեկ ընկերություն պատրաստվում է արտադրել քիմիական հիմքով շինարարական լուծիչներ: Չորրորդը՝ շինարարական ամրաններ:
Politaly-ն նախապես ցանկանում էր միայն իտալացիների հետ աշխատել, սակայն համագործակցության առաջարկություն է ստացել գերմանական ընկերությունից, որը ցանկանում է էլեկտրաբաշխիչ վահանակներ եւ տրանսֆորմատորներ արտադրել: Հուլիսի 20-ին գերմանացիները կայցելեն Հայաստան: Մոտ օրերս Դուցոնին բանակցություներ կվարի իտալական երկու ընկերությունների հետ, որոնցից մեկը կարտադրի ջրամուղի ծորակներ, ընկերությունը ցանկանում է նաեւ Հայաստան մատակարարել դրանք հավաքելու դետալներ: Մյուս ընկերությունը բեռնատարների համար կիսակցորդներ կարտադրի:
«Խոսքն այդ արտադրությունը Հայաստանում կազմակերպելու մասին է կամ նվազագույնը այստեղ հավաքելու, ըստ որում՝ հնարավորության դեպքում դետալների մի մասի արտադրությունը տեղում կազմակերպելով: Դրանից հետո կարելի է նկատի ունենալ նաեւ Իրանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԵՏՄ շուկան»,- ասել է ձեռնարկատերը: Ռեզիդենտ-ընկերությունների ընդհանուր ներդրումները Politaly-ի գոտում արդեն կազմել են 4,5 մլն եվրո: «Հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը ուշադրություն կդարձնի մեր պահանջներին եւ կաջակցի մեզ: Չէ՞ որ մենք ներդրում ենք կատարում Հայաստանի տնտեսության մեջ, եւ բավական զգալի ներդրում: Կառավարության եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ես բազմիցս ասել եմ, որ ոչ մի երկիր չի կարող գոյատեւել միայն առեւտրով: Այլապես դա աղքատ երկիր է: Մենք օգնում ենք կառուցել Հայաստանի արդյունաբերությունը, եւ եթե կառավարությունը մեզ աջակցության ձեռք մեկնի, ապա, կարծում եմ, մեր գործընկերությունը կլինի ամուր եւ երկրի համար կարեւոր»,- եզրափակել է Ֆիլիպո Դուցոնին:





























