Իհարկե տեղի է ունեցել քրեական հանցագործություն, բայց ես կարծում եմ, որ այս պայմաններում իշխանությունը պետք է պատրաստ լինի գնալ զիջումների՝ բացառելով ուժային մեթոդը. պետք է գնալ ընդհուպ մինչեւ համաներման, բացառությամբ ոստիկանի սպանության օբյեկտիվ քննությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակմանը:
Նա մեջբերեց Շանթ Հարությունյանի խոսքը, ըստ որի ամեն պետություն ինչ-որ ժամանակ հետո սկսում է լճանալ, եւ եթե իշխանությունը խելացի է, բարեփոխում է անում, իսկ եթե չի անում, հեղափոխություն է լինում, հավելելով, որ հիմա իշխանությունները պետք է բարեփոխումների գնան:
«Երբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր տղաները դաժանաբար դանակի մի քանի հարվածով սպանեցին մի երիտասարդի, նրանցից մեկն ընդհանրապես պատիժ չստացավ, մյուսին տվեցին 8 տարի, սակայն ներումով դուրս եկավ: Իսկ Հայկ Կյուրեղյանը բողոքի մի ցույց արեց, գուցե հանցանք կար մեջը, բայց ոչ ոք չվնասվեց, ու նրան տվեցին 9 տարի: Այս պայմաններում, երբ իրավական դաշտը չի գործում,ու եթե կա ներքին մղում, եթե ժողովուրդը դեռ լրիվ ստրուկ չի դարձել, գործում են այլ մեխանիզմներ:
Շատերը դատապարտում են տեղի ունեցածը, ասում են ընդունելի չէ, բայց ես ձեռնպահ կմնամ նման բան ասելուց: Միայն իմ կողմից կարող եմ ասել, որ ես կողմ եմ խաղաղ միջոցներին: Ինձ թվում է եթե խաղաղ ու հետեւողական գնաս, մի բան կստացվի: Բայց նրանք էլ փակուղու մեջ լինելավ այդ ձեւն են ընտրել»,- նշեց Իշխանյանը: Նա կարծիք հայտնեց, որ հասարակությունը չպետք է թույլ տա ուժային մեթոդներ, դա կլինի հարված պետականությանը։ «Իհարկե տեղի է ունեցել քրեական հանցագործություն, բայց ես կարծում եմ, որ այս պայմաններում իշխանությունը պետք է պատրաստ լինի գնալ զիջումների՝ բացառելով ուժային մեթոդը: Պետք է գնալ ընդհուպ մինչեւ համաներման, բացառությամբ ոստիկանի սպանության օբյեկտիվ քննությունը», - ընդգծեց Իշխանյանը:





























