«Հայ գործարարներին «սրբազան կովերի» հետ իմ համեմատությունը շատերի կողմից ընդունվել է որպես վիրավորանք»,- Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՅԴաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ խոսելով վերջերս ԱԺ ամբիոնից իր արած մի հայտարարության մասին, թե որոշ հայ գործարարներ «սրբազան կովերի» կարգավիճակ ունեն եւ հատուկ կերպ են պահպանվում:
«Որոշ հայ գործարարներ իմ խոսքերը սխալ են հասկացել: «Սրբազան կովեր» արտահայտությունը նրանք մեկնաբանել են որպես «խոշոր եղջերավոր անասուն», եւ մտածել, թե ես իրենց կենդանու տեղ եմ դրել: Նրանք, ովքեր չգիտեն, ասեմ, որ այնպիսի երկրում, ինչպիսին Հնդկաստանն է, միլիարդանոց բնակչությունը կովերին պատվում են որպես սրբազան կենդանիների եւ պահպանում: Ես արտահայտությունը հենց այդ համատեքստում էլ արել եմ»,- հստակեցրել է Հովհաննիսյանը:
Ընդ որում, նա նշել , թե արտահայտությունը կարելի է վերագրել միայն մի քանի ընտրյալների, քանի որ հայ ձեռնարկատերերի մեծ մասը հետապնդումների է ենթարկվում հարազատ կառավարության կողմից:
Նշենք, որ ակցիզային հարկի մասին օրենքի քննարկման ժամանակ Հովհաննիսյանը ասել էր, թե կառավարությունն անում է ամեն ինչ, որ հարվածի տեղական արտադրողին եւ ձեռք չտա ներմուծողներին: «Ինչպե՞ս կարելի է ձեռք տալ ներմուծողներին, նրանք պուպուշ-սիրուն տղերք են, սրբազան կովեր»,- նշել էր Հովհաննիսյանը:





























