Երեւանի քաղաքապետարանի որոշումը՝ թույլ չտալ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներն անցկացնել Ազատության հրապարակում, համապատասխանում է Միջազգային կոնվենցիային եւ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 8-ին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրավաչափ Երեւանի քաղաքապետարանի որոշումը:
Նրա խոսքով, Միջազգային կոնվենցիայում եւ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում ասվում է, որ իշխանությունները կարող են մերժել ընդդիմությանը, եթե կան ինչ-ինչ խոչընդոտներ, սակայն հանրահավաքը պետք է կայանա ոչ հեռու, քան նախատեսված էր անցկացնել միջոցառումը:
«Եթե ընդդիմությանն առաջարկեին հանրահավաք անել Բանգլադեշում կամ Նորքի 3-րդ զանգվածում, ես դա խախտում կհամարեի: Բայց ՀԱԿ-ին առաջարկել են Մատենադարանը, որը նույնպես գտնվում է քաղաքի կենտրոնում: Այն, ինչ կարելի է անել Ազատության հրապարակում, կարելի է անել նաեւ Մատենադարանի հարակից տարածքում: Դրանք համարժեք որոշումներ են»,- նկատել է Հարությունյանը:
Նշենք, որ 2008թ. ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանի իշխանությունները ամեն կերպ խոչընդոտում են ընդդիմության հանրահավաքներն անցկացնել Ազատության հրապարակում, որն ավանդաբար համարվում է քաղաքական ակցիաների անցկացման վայր: Երեւանի քաղաքապետարանը մի քանի տասնյակ անգամ արգելել է ընդիմության հանրահավաքները Ազատության հրապարակում: Սա, ըստ ընդդիմության, դիտավորություն է, իշխանությունների քմահաճույք, որը ոչ մի օրինական հիմք չունի:





























