Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը անցած շաբաթավերջին հաստատել է Հայաստանին 36,6 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու հարցը` կենսական ճանապարհների բարելավման ծրագրի համար:
ՀԲ երեւանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն, նշված ծրագիրը (ՀԿՃԲԾ-ԼՖ) «կաջակցի Հայաստանի կառավարության` գյուղական բնակչության համար երկրի հիմնական ճանապարհային ցանցի հասանելիության արմատական բարելավմանն ու միջնաժամկետ հատվածում աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ընթացիկ ջանքերին, այն Հայաստանին կօգնի նաեւ երկրի տնտեսության եւ իր բնակչության բարօրության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու հարցում»:
ՀԲ-ի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի խոսքերով` «կենսական նշանակության լրացուցիչ ճանապարհների վերականգնումը նաեւ ժամանակավոր աշխատատեղեր կստեղծի գյուղական վայրերում, որոնք ավելի ծանր հարված են կրել ճգնաժամի հետեւանքով, եւ կբարելավի հիմնական սոցիալական ծառայությունների մատչելիությունը»: ՀԲ ծրագիրը նախագծող թիմի ղեկավար Սաթոշի Իշիհարան, իր հերթին, նշել է, որ «աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ծրագրի ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը զբաղվածության վրա ամսական շուրջ 10 հազար մարդ է գնահատվում»: Նրա խոսքով, շինարարական աշխատանքների իրականացումը կսկսվի արդեն սեպտեմբերի վերջին եւ կավարտվի մինչեւ հաջորդ շինարարական սեզոնի ավարտը:
ՀԿՃԾ-ԼՖ-ն կօժանդակի 7 մարզերում շուրջ 140 կիլոմետր կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանը:
Նշենք, որ այս տարվա հուլիսի սկզբին ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի համար 60 միլիոն դոլար գումարով առաջին Զարգացման քաղաքականության գործառնությունը, իսկ նույն ամսվա վերջին` Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը` 30 միլիոն դոլար արժողությամբ:



















