2009 թ. առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 312.2 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 39.4%-ով։ Այս մասին նշվում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած հաշվետվությունում։ Ընդ որում` ամենամեծ անկումը տեղի է ունեցել ռուսական եւ գերմանական ընկերությունների մասով, որոնք ավանդաբար համարվում են Հայաստանում խոշոր ներդրումներ կատարողները։ Այսպես, ռուսական ներդրումները նվազել են մոտ 3.8 անգամ եւ կազմել 100 մլն դոլար` նախորդ տարվա 386 մլն դոլարի փոխարեն։ Չնայած դրան` Ռուսաստանը դեռեւս պահպանում է խոշորագույն օտարերկրյա ներդրողի իր դիրքը։ Ավելի մեծ է անկումը գերմանական ընկերությունների մասով, որոնք սովորաբար խոշոր ներդրումներ են կատարում Հայաստանի լեռնամետալուրգիայում։ Գերմանիայի ներդրումները կազմել են ընդամենը 1.1 մլն դոլար կամ նախորդ տարվա ներդրումների 12.7%-ը։
2009 թ. Հայաստանում ներդրումների առումով կտրուկ ակտիվացել են Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իտալիան եւ Լիբանանը։ Շնորհիվ բջջային երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիայի» կատարած ներդրումների (ընկերությունը թերեւս շտապում է մինչեւ տարեվերջ սկսել ինտերնետային եւ բջջային կապի ծառայությունների մատուցումը)` Ֆրանսիան 2009 թ. օտարերկրյա ներդրումների մասով դուրս է եկել առաջին տեղ` 85.5 մլն դոլար, աճը` 11.6 անգամ։
«Ներդրումային» երրորդ խոշոր պետությունը Նիդերլանդներն են` 40 մլն դոլար, աճը` 22.9 անգամ։ Նիդեռլանդական ներդրումներն ուղղվել են էներգետիկայի ոլորտ։ 144 անգամ ավելացրել են իրենց ներդրումները իտալական ընկերությունները (հիմնականում` շինանյութերի արտադրության ոլորտում)` 28.5 մլն դոլար։
Ընդհանուր առմամբ` 2009 թ. հունվար-հունիսին իրական հատվածում օտարերկրյա ներդրումների 46.1%-ը, իսկ ուղղակի ներդրումների 52.4%-ը ուղղվել են կապի ոլորտ։ Ուղղակի ներդրումների 15.2%-ը իրականացվել է էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու արտադրության եւ բաշխման, իսկ 10%-ը` շինարարության ոլորտներում։




























