2011 թվականի պետական բյուջեի նախագծում հարկային վարչարարության խստացումից ակնկալվում է հավաքագրել 15,3 մլրդ դրամ (մոտ 42 մլն դոլար)։ Սա հարկային վարչարարության խստացման առումով ռեկորդային ամենաբարձր մակարդակն է։ Հիշեցնենք, որ 2010 թվականի բյուջեի նախագծում հարկային վարչարարության խստացումից նախատեսվել էր 11 մլրդ դրամ (մոտ 30 մլն դոլար), իսկ 2009 թ.՝ 6 մլրդ դրամ (մոտ 16,5 մլն դոլար):

Հատկանշական է, որ կառավարությունը չի գնահատել, թե բյուջեի վրա ինչ ազդեցություն կունենան հարկային օրենսդրության փոփոխությունները, որոնց մի մասը վերաբերում են հենց հարկային վարչարարության պարզեցմանը։ Օրինակ՝ 2011 թ. գործարարները հնարավորություն կստանան ավելի քիչ թվով հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններին։ Ստացվում է՝ մի ձեռքով կառավարությունը թեթեւացնում է վարչարարությունը, մյուս ձեռքով՝ խստացնում։