Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին Սլովենիայի դրական դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան բանակցություններ է սկսել այդ կազմակերպության հետ շատ ավելի շուտ, քան Սլովենիան դարձել է ԵՄ անդամ: Այս մասին Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրքը:
Բացի այդ, Սլովենիան, ընդհանուր առմամբ, հանդես է գալիս ԵՄ ընդլայնման օգտին: «Չնայած դրան, որ Թուրքիայի անդամակցության բանակցությունները շատ դանդաղ են ընթանում, այդուհանդերձ Անկարան պետք է հստակ գիտակցի, եւ կարծում եմ՝ գիտակցում է, որ ԵՄ բոլոր անդամները պետք է համապատասխանեն այդ կազմակերպության պահանջներին եւ չափորոշիչներին, բացառություններ լինել չեն կարող»,- ասել է Թյիրքը:
Նա ընդգծել է նաեւ, որ Սլովենիան ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում եւ կոչ է անում Անկարային շարունակել Երեւանի հետ երկխոսությունը, կարճ ժամկետում վավերացնել եւ իրագործել այն:
Նկատենք, որ Դանիլո Թյիրքը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով, որի շրջանակներում կայանալու է հայ-սլովենական գործարար համաժողով: Թյիրքին ուղեկցում են սլովեն 355 առաջատար գործարարներ:




























