Նախաձեռնող խումբը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսել: Բացի այդ, մտադիր է «արմատական ակցիաներ» կազմակերպել այն պատճառով, որ Վրաստանի առաջնորդը հրաժարվել է ամուսնության հասկացության սահմանման հարցով հանրաքվե անցկացնել, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Նախաձեռնող խումբը հուլիսին Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել ստորագրություններ, որով պահանջում էր հանրաքվե անցկացնել այն հարցով, որ «ամուսնությունն իրենից ներկայացնում է տղամարդու եւ կնոջ միություն՝ ընտանիք ստեղծելու նպատակով»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր հարցը եւ դիմումը եզրակացությամբ ուղարկել հանրապետության նախագահին:
Մարգվելաշվիլին նախօրեին մերժել է հանրաքվեի անցկացումը եւ նշել, որ տվյալ հարցն արդեն որոշված է վրացական օրենսդրությամբ:





























