«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը երկու տարի առաջ էր միացել «Հիմնադիր խորհրդարանին»՝ ակտիվորեն մասնակցում էր կազմակերպված ցույցերին եւ նախաձեռնություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Նազարյանի մորաքույր Անահիտ Ազատյանը: Նա նշեց, որ Սեդրակը 8 տարի Իսպանիայի Բարսելոնա քաղաքում է ապրել, նա երկու տարի առաջ էր վերադարձել Հայաստան եւ ընդգրկվելով «Հիմնադիր խորհրդարանում»՝ ամեն ինչ արել իր հայրենիքին ու ժողովրդին ինչ-որ բանով օգնելու համար:
«Իսպանիայում չկարողացավ մնալ, վերադարձավ Հայաստան, որ ինչ-որ բանով գոնե օգնել կարողանա ժողովրդին, բայց այսպիսի ավարտ ունեցավ: Միշտ էլ անհանգստանում էր հայ ազգի խնդիրներով»,-ասաց տիկին Անահիտը:
Նա նշեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Սեդրակ Նազարյանի առողջական վիճակը շատ վատ է, իսկ սենյակի պայմանները՝ մտահոգիչ:
«Սենյակում օդ չկա շնչելու, այն դեպքում, երբ ինքը թոքի հրազենային վիրավորում ունի: Հաց ենք տանում, անգամ սառնարան չկա, որ սնունդը մեջը դնեն՝ չփչանա: Բացի այդ, իրեն նորմալ բուժօգնություն է հարկավոր, որը չի արվում»,-ասաց տիկին Անահիտը:
Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Ըստ փաստաբանների՝ Սեդրակ Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից եւ արտաքին աշխարհի հետ որեւէ կապից:





























