Հայկական ամենահայտնի՝ «Արարատ» կոնյակն այսօրվանից վաճառվելու է նոր դիզայնով։ Այն պահպանելու է Արարատ լեռան պատկերը, սակայն շշի վրա ավելանալու է նոր սիմվոլ՝ փյունիկ թռչունը զուգորդված A տառի հետ։ Նոր բրենդի պատրաստման համար ծախսվել է մոտ 1 մլն դոլար, աշխատանքներին մասնակցել են հոլանդացի, իտալացի, անգլիացի մասնագետներ։ Եվս 1 մլն դոլար ներդրում է կատարվել Երեւանի կոնյակի գործարանի հոսքագիծը փոխելու համար։ Ռեբրենդինգի աշխատանքները կոորդինացրել է անգլիական աշխարհահռչակ «Այդենտիկա» գործակալությունը, որը միջազգային ճանաչում ունեցող բրենդների հետ աշխատանքի մեծ փորձ ունի (օրինակ՝ «Վոդաֆոնը»)։
Այսօր հրավիրած ասուլիսում «Պեռնո ռիկար» խմբի Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի մարկետինգի տնօրեն Սիրիլ Կլակենն ասաց, որ նոր դիզայնով իրենք ավելի են ընդգծել «Արարատ» կոնյակի հայկական ծագումը։ Դիզայնի փոփոխությունները հատկապես մեծ են սուպեր-պրեմիում դասի («Նաիրի», «Վասպուրական» եւ այլն) կոնյակներում, որոնց ներկայիս դիզայնը Կլակենն անվանեց «կանացի», թեեւ կոնյակ առավելապես խմում են տղամարդիկ։ Նոր դիզայնը, ըստ Կլակենի, խմիչքին ավելի տղամարդկային տեսք է տալիս։
Ըստ Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանի՝ կոնյակի ռեբրենդինգը գների վրա ազդեցություն չի թողնի։ Երեք եւ հինգաստղանի կոնյակների հայաստանյան գները չեն փոխվի, սակայն որոշ չափով կթանկանան բարձր դասի կոնյակները, կապված հիմնականում սպիրտի պատրաստման ինքնարժեքի թանկացման հետ։





























