Ռուսաստանի կառավարության մտադրությունը՝ 2011-ի հունվարի 1-ից սահմանել կոնյակի նվազագույն գին, որեւէ կերպ չի անդրադառնա ռուսական շուկայում հայկական կոնյակի դիրքերի վրա։ Այդ մասին այսօր` հոկտեմբերի 12-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը։

«Մի անհանգստացեք, ամեն ինչ չէ, որ մեր դեմ է, եւ ամեն ինչ չէ, որից պետք է օգտվենք»,- պարզաբանեց Ա. Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը որպես կոնյակի կես լիտր շշի նվազագույն գին սահմանելու է 190-210 ռուբլի, այնինչ «Արարատ» կոնյակի նվազագույն մանրածախ գինը Ռուսաստանում 650 ռուբլի է։

Հարցին, թե, արդյոք, ճիշտ չի՞ լինի, որ Հայաստանում եւս կոնյակի նվազագույն գներ սահմանվեն, Ա. Գրիգորյանն ասաց, որ նման օրենք խորհրդարանում քննարկվում է, սակայն դեռեւս հայտնի չէ, թե նվազագույն գները որքան կսահմանվեն:

Ինչ վերաբերում է նրան, որ հայաստանյան խանութներում վաճառում են շատ էժան (1100-1500 դրամ) խմիչքներ, որոնց պիտակի վրա նշված է «հայկական կոնյակ», Ա. Գրիգորյանն ասաց, որ դրանով պետք է զբաղվեն իրավապահները, քանի որ հնարավոր չէ կգ-ը 110-130 դրամով (0,3-0,35 դոլար) խաղող մթերել, ակցիզներ վճարել ու 1100 դրամով (3 դոլար) կոնյակ վաճառել։ Ա. Գրիգորյանը հիշեցրեց, որ ԵԿԳ-ում երեք աստղանի կոնյակի բացթողնման գինը 3000 (8,2 դոլար) դրամ է, եւ իրենք այդ դասի կոնյակների վաճառքից շահույթներ չունեն։