Այսօր` հոկտեմբերի 12-ին, Հայաստանի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Գյումրի քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը, որի նպատակն է Շիրակի մարզի բնակիչներին ներկայացնել ազգային դրամի եւ դրամաշրջանառության պատմությունը, ծանոթացնել ԿԲ գործունեությունը:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ հոկտեմբերի 21-ը, մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Երեւանի դպրոցականներն ունեն նման հնարավորություն, նրանք այցելում են Կենտրոնական բանկ եւ ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ստեղծել նաեւ մարզերի աշակերտների, ուսանողների եւ բնակչության համար:

Ցուցահանդեսի բացմանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանը նշել է, որ Գյումրիում կազմակերպվող ցուցահանդեսը նպատակ է հետապնդում մարզի բնակիչներին դրամաշրջանառության պատմությանը եւ Կենտրոնական բանկի գործառույթներին ծանոթանալու հնարավորություն տալ:

Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվել Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում ու Ղարաբաղում: