Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հայտարարել է, որ երկրում հեղաշրջման փորձից հետո ավելի քան 40 հազար մարդ է ձերբակալվել, 20 հազարը՝ կալանավորվել, 79 հազար մարդ պաշտոնանկ է արվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:
Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ կատարեցին: Հիմնական իրադարձությունները ծավալվեցին Անկարայում եւ Ստամբուլում:
Վերջին տվյալներով՝ 246 քաղաքացի է զոհվել՝ չհաշված խռովարարների շրջանում զոհերը, ավելի քան 2 հազար վիրավոր կա:
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ ԱՄՆ-ից պահանջում արտահանձնել նրան: Գյուլենն ինքը դատապարտել է խռովությունն ու հայտարարել, որ կապ չունի դրա հետ:





























