Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով հուլիսի 28-ին Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակն ուսումնասիրելու համար հանձնաժողով է ստեղծվել: Ուսումնասիրությունն արվում է՝ հաշվի առնելով, որ այս տարվա ընթացքում այդ բժշկական կենտրոնում 3 մահ է գրանցվել:

Նշենք, որ այս հիվանդանոցը միակը չէ Հայաստանում, որտեղ նմանատիպ ողբերգություններ են տեղի ունենում: «Շենգավիթ» բժշկական կենտրոնում վերջին մեկ տարվա ընթացքում 2 ծննդկան եւ 2 նորածին է մահացել: Չորս դեպքերով էլ քրեական գործեր կան հարուցված, դրանից մեկը՝ ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է եւ դատաքննությունը մի քանի շաբաթ առաջ է սկսվել: Ի դեպ, այս գործով երկու ամբաստանյալ կա, որոնք «Շենգավիթ» ԲԿ-ի աշխատակիցներ են: NEWS.am-ը հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու համար, թե ինչու «Սլավմեդ»-ում ստուգումներ անցկացնելու մասին որոշում կայացվեց, իսկ «Շենգավիթ»-ում՝ ոչ:

«Ինչո՞ւ նախարարությունը հաշվի չառավ մեկ տարի առաջ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մահվանից հետո ստեղծված մասնագիտական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները, որի համաձայն, Մերի Մարգարյանին հոսպիտալացումը եղել է ուշացած, իսկ  ամբուլատոր պայմաններում բուժում նշանակելն աննպատակային է եղել: Նշենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ում վերջին դեպքն էլ հուլիսին է գրանցվել, երբ կեսարյան հատումից օրեր անց ծննդկան Նաիրա Աբգարյանը մահացավ»,- գրված էր մեր հարցման մեջ:

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հարցմանն ի պատասխան հետեւյալն են ուղարկել. «Նախարարությունը բազմիցս նկարագրել է այն գործընթացը, որ տեղի է ունենում մայրական մահացություն արձանագրվելուց հետո։ Նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որի նպատակն է վեր հանել տվյալ դեպքի հիմնական պատճառները, դրանք վերլուծել եւ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնել գործող կանոնակարգերում, ուղեցույցներում, ինչի նպատակը հետագայում նման դեպքերը բացառելն է։ Այս գործընթացն իրականացվում է բացառապես առողջապահության նախարարության իրավասությունների ներքո։

Զուգահեռաբար մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի հետ կապված հանրապետության քննչական մարմինները քննություն են իրականացնում եւ անհրաժեշտության դեպքում կարող են դիմել առողջապահության նախարարությանը` ստանալու արդեն իսկ կատարված մասնագիտական հետազոտությունների արդյունքները կամ ձեւավորել նոր հանձնաժողով։ 

2016թ. եւս արձանագրված բոլոր դեպքերի հետ կապված այս գործընթացը տեղի է ունեցել։ Բացառություն չէ նաեւ «Սլավմեդ» ԲԿ-ում տեղի ունեցած վերջին դեպքը։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ բժշկական այս կենտրոնում 2016թ. գրանցվել է մայրական մահացության 3-րդ դեպքը (2-ը տեղի է ունեցել «Սլավմեդ» ԲԿ-ում, իսկ մեկ դեպքում հղիությունը եւ ծննդալուծումը վարվել են «Սլավմեդ» ԲԿ-ի մասնագետների կողմից), նախարարությունը նպատակահարմար է գտել ստեղծել հավելյալ հանձնաժողով «Սլավմեդ» ԲԿ-ում ծննդօգնության ծառայությունում կադրային, գործիքային եւ լաբորատոր հագեցվածությունը, վերակենդանացման եւ անեսթեզիոլոգիական ծառայությունների կազմակերպումը եւ ընդհանրապես, կազմակերպական հարցերը, ներքին ընթացակարգերը, լաբորատոր հազոտությունների, պատվաստումների իրականացման մակարդակն ուսումնասիրելու, ինչպես նաեւ ճշտելու համար, թե արդյոք կան խնդիրներ, որոնք կարող են ուղղակի ազդեցություն ունենալ նման ելքի վրա։

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի աշխատանքների արդյունքում արձանագրվել է, որ առկա են որոշ շեղումներ, որոնք միանշանակորեն մահվան դեպքերի վրա ազդեցություն չունեն։ Ընդ որում, այդ շեղումների մեծ մասն արդեն շտկված է»:

Թե ինչու «Շենգավիթ» ԲԿ-ում, այնուամենայնիվ, ուսումնասիրություններ չեն կատարվում, պարզ չէ. առողջապահության նախարարությունն այս հարցն անպատասխան է թողել։