ԼՂ խնդրի կարգավորումն ունի երեք էտապ, որոնք պետք է երկու կողմերը կատարեն, սակայն, ադրբեջանական կողմն ցանկանում է առանց  առաջին երկու էտապների` միանգամից անցնել երրորդ էտապին: Այս մասին այսօր` օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ խնդրի կարգավորման առաջին էտապն առաջարկությունների փուլն է եւ բանակցություններն այժմ հենց այդ փուլում են:

«Մեծ համաձայնագրի էտապը  երրորդն է, որը պետք է մշակվի: Մեծ համաձայնագիրը համաձայնեցնելուց հետո պետք է ժողովրդի դատին հանձնվի: Ադրբեջանցիները պարբերաբար ասում են եկեք միանգամից երկու էտապները մի կողմ դնենք, միանգամից երրորդին անցնենք: Սակայն, այս երրոդ էտապին հասնելու համար պետք է  մեծ համաձայնագրի սկզբունքների համաձայնեցում լինի, որին չենք հասնում, քանի որ ԼՂՀ տարածքների վերաբերյալ տարբեր տեսակետեր կան երկու կողմերի միջեւ»,-ասաց նա:

Գագիկ Միասյանը նշեց, որ փոխզիջումների մասին խոսելիս երկու կողմերըը` հայկական եւ ադրբեջանական,  չհամընկնող տեսակետեր ունեն եւ հենց այս խնդիրը թույլ չի տալիս առաջին էտապից անցնել երկրորդին: Պատգամավորի խոսքով, խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է նաեւ փակ ռեժիմի բանակցություններ վարել:

« Բանակցային գործընթացն իր առանձնահատկություններով պետք է որոշակի ինֆորմացիոն պատնեշով ծածկված լինի, որը թույլ կտա բանակցությունները վերջնական փուլի հասցնեն:  Փակ ռեժիմի բանակցությունները հնարավորություն են հասնելու արդյուքնի: Այսօր  դրական արդյունք չենք կարող ունենալ, երբ հասարակության տարբեր շերտերում տաբեր ընկալումներ են առաջանում բանակցությունների մասին, մանավանդ, որ փոխզիջումների վերաբերյալ այդ տեսակետերն հասնում են սահմանում կանգնած զինվորին»,-ասաց նա: