Հայաստանում աշխատանքային միգրացիա է եղել նաեւ նախկինում: Ավագ սերնդի քաղաքացիները կհիշեն այն ժամանակները, երբ սեզոնին «խոպանչիներն» ամբողջ բրիգադներով մեկնում էին Ռուսաստան, նաեւ Ղազախստան, որտեղ հիմնականում շինարարական աշխատանքներով էին զբաղվում: ԽՍՀՄ-ում առեւտուրը պետության մենաշնորհն էր, այդ պատճառով այդ ոլորտում թույլ էր տրվում մուտք ունենալ միայն, այսպես կոչված, «կոլտնտեսական շուկաներին»:
Այն հեռավոր տարիներին սեզոնային միգրանտների կոնտինգենտը մեծամասամբ կոլտնտեսականներով էր ներկայացված: Համալրում տեղի ունեցավ հայրենական արդյունաբերության փլուզումից հետո: Գյուղաբնակներին (կոլտնտեսականի կարգավիճակը ֆերմերի փոխարինած) հավելվեցին քաղաքաբնակ գործազուրկները:
Ռուսաստանի աշխատանքի ընդարձակ շուկան շատ երկրների, հատկապես հետխորհրդային տարածքի աշխատանքային միգրանտների է գրավում: Այս ոլորտում թվերը բավական ազդեցիկ են: Այսպես՝ ընթացիկ տարվա ապրիլին Ուզբեկստանի 1,8 մլն քաղաքացի է Ռուսաստանում աշխատել: Հայաստանի ցուցանիշն առավել համեստ է՝ չի հասել 0,5 մլն մարդու:
Առեւտրի ազատականացմանը զուգահեռ՝ մեր միգրանտների մի մասը սկսեց զբաղվել այս ոլորտում՝ մանրածախ եւ ոչ խոշոր մեծածախ: Սակայն մեր միգրանտների ավանդական ոլորտը՝ շինարարությունը, նախկինի պես, առաջատարների թվում է:
Վերջերս Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ջերմացումը, ի թիվս այլ հարցերի, կհանգեցնի Ռուսաստանում Թուրքիայի շինարարական կազմակերպությունների, նաեւ քաղաքացիների աշխատանքի համար սահմանափակումների չեղարկմանը: Նշենք, որ անցյալ տարի Ռուսաստանում աշխատանքային քվոտաներ են տրամադրվել Թուրքիայի 54,7 հազար քաղաքացիների, 51,2 հազարից ավելի քվոտան ուղղակի կամ անուղղակի վերաբերել է շինարարությանը: Ըստ որում՝ թուրք շինարարների համար ամենատարածված մասնագիտություններն են արմատուրագործները, բետոնագործները եւ մոնտաժողները:
Իհարկե, ուռճացված կլինի մտածել, որ սահմանափակումների չեղարկումից հետո թուրք շինարարաների եւ հետխորհրդային տարածքի երկրների նրանց գործընկերների միջեւ մահացու մրցակցություն կսկսվի: Նշենք, որ Թուրքիայի մի շարք շինարարական կազմակերպություններ (Enka, Esta Construction, Renaissance Construction եւ այլն) Ռուսասատանում շարունակել են աշխատել նաեւ Թուրքիայի դեմ ՌԴ պատժամիջոցների սահմանումից հետո:
Այստեղ խնդիրն այն է, թե ում են բաժին հասնում (եւ ապագայում էլ բաժին կհասնեն) շինարարական աշխատանքների երկարաժամկետ եւ հուսալի պայմանագրերը: Հաշվի առնենք, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ռուսաստանում բնակարանային շինարարությունը մեկ տասներորդ մասով կրճատվել է: Սակայն 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին Ռուսաստանում ծավալվում է սպորտային նոր օբյեկտների շինարարություն եւ հների վերակառուցում: Անցյալ տարի, օրինակ, նախատեսվում էին 95 մլրդ ռուբլուց ավելի արժեքով շինարարական աշխատանքներ, սակայն այդ գումարից ծախսվել է ընդամենը 3,1 տոկոսը:
Սմբատ Գրիգորյան




























