Հայաստանում հաճախ են սպառողներին խաբում, որովհետեւ մարդիկ տեղեկացված չեն եւ չեն պաշտպանում իր իրավունքները:Այս մասին այսօր` օգոստոսի  19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պետրոսյանը:

«Մարդկանց հնարամտությանը վերջ ու սահման չկա, միշտ հնարում են մի բան, որ մարդկանց մոլորեցնեն: Եթե խանութի ցուցափեղկի վրա է գրված «Զեղչ», ապա նշանակում է, որ այն վերաբերում է  խանութի ապրանքի ողջ տեսականուն:  Իսկ, եթե այդ զեղչը կոնկրետ ապրանքի ինչ-որ մասի վրա է տարածվում, ապա պետք է միայն այդ ապրանքի ցուցափեղկի վրա գրված լինի: Մեկ այլ մոլորեցնելու ձեւ է մարդկանց, երբ 1500 դրամ է գրված եղել ապրանքի վրա, դրա վրա գիծ է քաշված ու երկու հարյուր դրամ իջեցված: Բայց մարդիկ ոնց վստահ լինեն, որ մի քանի օր առաջ ավելի թանկ է եղել»,-ասաց նա:

Արմեն Պողոսյանը նշեց, որ սպառողներին մոլորեցնելու այս գործընթացին պետք է հետեւի Հայաստանի տնտեսական մրցակացության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը պետք է ամեն ինչ անի` սպառողներին մոլորեցնող կազմակերպությանը պատժելու համար. «Այս հանձնաժողովը եւ հասարակական կազմակերպությունները պետք է անմիջապես այս ամեն ինչին արձագանքեն, սպառողը պետք է իր իրավուքներն իմանա, չզլանա եւ դիմի այս կառույցներին»: