Արագածոտնի մարզպետ, դաշնակցական Գաբրիել Գյոզալյանը նորմալ է վերաբերում Ծաղկահովիտ գյուղում «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանի՝ գյուղապետի ընտրություններում առաջադրվելուն։ Այս մասին մարզպետն ասել է NEWS.am-ի հետ զրույցում։
Նշենք, որ ԱՆ Քրեակատարողական վարչությունը հաստատել է Ծաղկահովիտ գյուղում «Սասնա ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրման առթիվ լիազորագիրը և փոխանցել Արայիկ Խանդոյանի պաշտպանին՝ Արայիկ Պապիկյանին:
Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) առաջադրման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ԲՀԿ-ն՝ նշելով՝ եթե Խանդոյանի թեկնածությունը հաստատվի, ապա ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի այս գյուղում։
Գաբրիել Գյոզալյանը դժվարացավ գնահատել Խանդոյանի ընտրվելու շանսերը։ Հարցին՝ արդյո՞ք վերջին դեպքերից հետո Խանդոյանի ընտրվելու շանսերն ավելի բարձր չեն, քան այլ թեկնածուներինը, ասել է․«Չեմ կարող ասել, որովհետեւ, գիտեք ինչ, ժողովրդի մի մասը մի ձեւի է մտածում, մյուս մասը այլ ենթադրություններ ու կարծիք ունի»։
Մարզպետը չժխտեց, որ գյուղում համակրում են Արայիկ Խանդոյանին, սակայն դժվարացավ հաղթելու հավանականության վերաբերյալ կարծիք հայտնել։




























