Այս իշխանությունը պետք է հասկանա, որ մարդկանց այլեւս լռեցնել հնարավոր չէ,  դա նույնիսկ Խորհրդային Միությունում հնարավոր չէր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18–ին, «Ազատության» հրապարակում «Սասնա ծռերին» աջակցության հանրահավաքում հայտարարել է Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։

 ««Սասնա ծռերի» ապստամբության պատճառները տարիներ շարունակ հնչել են, խոսքը օրինավոր իշխանություն ունենալու մասին է։ Շուրջ երկու տասնամյակ հանրությունը խաբար չէ՝ ինչպես է ինքը քվեարկում, ամեն անգամ ԿԸՀ-ն ելնում է ինչ-որ թվեր են պատմում ու  իրենք իրենց հայտարարում են նախագահ ու Ազգային ժողով։ Հետո էլ ժողովուրդը ոտքի է հելնում, ծեծել ջարդել, հետո գնդակահարել, սա է սրանց կերպարը՝ ամեն գնով իշխանությունը պահել, որովհետեւ շատ լավ գիտեն, որ իշխանություն չունենալու դեպքում «Կոշ-ի», «Արթիկ»-ի բերդերը իրենց են սպասում»,– ասաց Լեւոն Բարսեղյանը։

Լեւոն Բարսեղյանը նաեւ շեշտեց, որ տարեցտարի երկնիշ աճ է արձանագրվում ոստիկանության եւ ԱԱԾ բյուջեում, մինչդեռ պետական բյուջեն աճում է 3 տոկոսով։ «Այդպիսով իշխանությունը սարքել է մենթապետություն։ Ես բոլորին մենթ չեմ ասում, ազնիվ խոսք, անօրեն ոստիկանը մենթ է, օրինավոր ոստիկանը օրինավոր է։ Խաղաղ ցուցարարի երեսին խփող, տանողին ո՞նց ասենք ոստիկան, մեկը կարո՞ղ  է բացատրել»։ 

Նշենք, որ «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը հորդորեց Անդրիաս Ղուկասյանին եւ  Շանթ Հովհաննիսյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին  դադարեցնել հացադուլը։ Շահեն Հարությունյանը երեք օր առաջ հացադուլ է սկսել Ազատության հրապարակում՝ պահանջելով ազատ արձակել Դավիթ Սանասարյանին եւ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին։