Fitch միջազգային վարկանիշային կազմակերպությունը Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը կայունից բացասական՝ BBB- մակարդակի է նվազեցրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Fitch-ի մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ «հուլիսին խռովության տապալված փորձը հաստատում է քաղաքական կայունության վտանգների աճը: Իշխանությունները խռովության փորձին պատասխանում են այն քաղաքացիների զտումներով, ում դրա մեջ են մեղադրում»:

Հայտարարության մեջ հաստատվում է, որ ներկա պահին աշխատանքից հեռացված են 70 հազար պետական ծառայողներ: «Քաղաքական անկայունությունը կազդի տնտեսական ցուցանիշների վրա եւ կարտահայտվի տնտեսական քաղաքականության ռիսկերում»,- նշված է փաստաթղթում:

Նաեւ նշվում է, որ հեղաշրջման փորձը բացասաբար է ազդել երկրի անվտանգության վրա, ինչն իր հերթին 2016-ի առաջին կիսամյակին հանգեցրել է տարեկան կտրվածքով զբոսաշրջային հոսքի 41 տոկոսով կրճատման:

Fitch-ը, հնարավոր է, կրկին վարկանիշը նվազեցնի քաղաքական անկայունության շարունակման կամ խորացման դեպքում, նաեւ եթե «աշխարհաքաղաքական որոշ սթրեսներ» բացասաբար ազդեն տնտեսական ցուցանիշների կամ ամբողջ տնտեսական քաղաքականության վրա: