Քուրդ խորթ հոր սպանության համար Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Մաքսիմ Բաքոյանի անչափահաս քրոջ ու եղբոր խնամքի հարցը դեռ չի լուծվել:
«Երեխաները գտնվում են Վրաստանում իրենց հեռավոր ազգականի տանը: Սակայն տեղեկություններ կան, որ երեխաների հոր բարեկամները, որոնք Թուրքիայում են բնակվում, դիմել են վրացական կողմին եւ պահանջում են երեխաներին: Երեխաներն ի դեպ Թուրքիայի քաղաքացիներ են: Իսկ Հայաստանում նրանց միակ հարազատը Մաքսիմն է, որն էլ անազատության մեջ է հիմա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաքոյանի փաստաբան Մամիկոն Մուրադյանը:
Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաքոյանին ապրիլի 25-ին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման, մինչդեռ մեղադրող կողմը պահանջել էր 10 տարի: Մեղադրող կողմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, որն էլ որոշել էր ավելացնել պատժաչափը՝ նշանակելով 8 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջեւ հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին:
2014թ. մարտին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել:
Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաքոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։





























