Հայաստանի կառավարությունը որոշել է «Մեծամորէներգոատոմ» ընկերությանը լրացուցիչ լիազորություն տրամադրել։ Ընկերությունը ստեղծվել է նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման գործընթացն իրականացնելու համար` որպես պատվիրատու կազմակերպություն: Սակայն Ռուսաստանի «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը («Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրները) համատեղ որոշել են, որ «Մեծամորէներգոատոմը» կստանձնի նաեւ շահագործող կազմակերպության պարտականություններն ու իրավասությունները։
Այդ կարգավիճակով էլ ընկերությունը պետք է իրականացնի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար հարթակի լիցենզավորման գործընթացը: Կառավարության հոկտեմբերի 14-ի նիստի օրակարգում ընդգրկվել է համապատասխան որոշման նախագիծ, որով «Մեծամորէներգոատոմին» իրավասություն կտրվի լրացուցիչ լիազորություն։




























