«Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի առողջական վիճակը համեմատաբար կարգավորվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մորաքույր Անահիտ Ազատյանը։ Նա նշեց, որ չնայած Սեդրակի վիճակն առաջին օրերի համեմատությամբ կարգավորվել է, սակայն, նա դեռ  առողջական շատ խնդիրներ ունի եւ անհրաժեշտ է պատշաճ բուժօգնություն։

«Առաջվա համեմատ լավ է, ուղղակի սենյակում շատ շոգ է, չի դիմանում։ Իր համար վինտիլյատոր եւ սառնարան էինք տարել, սակայն, թույլ չտվեցին ներս մտցնել։ Հիմա ՔԿՀ-ի պետին դիմում ենք գրել, որ թույլ տան տանենք»,-ասաց տիկին Անահիտը։

Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Ըստ փաստաբանների՝ Սեդրակ Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից եւ արտաքին աշխարհի հետ որեւէ կապից: