Արցախի ժողովրդավարական զարգացման դինամիկայի վերաբերյալ ոչ մի կասկած լինել չի կարող: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրենք Էնգելը:
Լյուքսեմբուրգցի խորհրդարանականն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել է սահմանադրական փոփոխությունների, կառավարման նախագահական համակարգի անցնելու հարցերը: «Ես Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական վերջին ընտրություններում դիտորդ եմ եղել եւ դրանք համահունչ եմ համարում եվրոպական բոլոր ստանդարտներին: Համոզված եմ, որ այդպես կլինի նաեւ գալիք ընտրություններում»,- ընդգծել է Ֆրենք Էնգելը:
Հշեցնենք, որ օգոստոսի 16-ին հրապարակված Սահմանադրության հայեցակարգով Լեռնային Ղարաբաղը կանցնի կառավարման նախագահական համակարգի: Ըստ հայեցակարգի՝ հանրապետության նախագահին կտրվեն նաեւ վարչապետի լիազորությունները. նախագահը կնշանակի եւ կազատի նախարարներին, օրենսդրական վետոյի իրավունք կունենա, որը կարելի է հաղթահարել միայն Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Հայեցակարգի համաձայն՝ նաեւ առաջարկվում է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները միաժամանակ անցկացնել:
Լեռնային Ղարաբաղի հաջորդ ընտրությունները նախատեսված է անցկացնել 2020 թվականին:





























