Քանի դեռ պահպանվում են տարածքային, այսպես կոչված, «ռեյտինգային» ցուցակները, քվեարկված ցուցակները հրապարակելով էական բան չի փոխվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ 4+4+4 ձեւաչափով հաստատված վերահսկողական մեխանիզմները չեղյալ են հայտարարվելու, իշխանությունն ու ընդդիմությունը որպես այլընտրանքային լուծում քննարկում են քվերակված ցուցակները հրապարակելու հարցը, ինչի դեմ համառորեն պայքարում էր իշխանությունը։
«Ես այդ քննարկումներից տեղյակ չեմ։ Եթե քվեարկված ցուցակները հրապարակում են, դրական քայլ է, բայց ես միշտ եմ ասել՝ իշխանությունը պատրաստ է ամեն ինչի, միայն թե ամբողջ խնդիրը լուծեն տարածքային, այսպես կոչված, «ռեյտինգային» ցուցակներով։ Ես չեմ զարմացել, որ ցուցակները կհրապարակվեն, քանի որ ռեյտինգային դրույթի դեպքում էական բան չի փոխվում։ Տարածքային ցուցակները ամեն ինչ անելու են»,-ասաց Էդմոն Մարուքյանը։





























