Ներկայումս Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ Սիրիայի առումով երկխոսություն է  կառուցվում,-  NEWS.am-ին հայտնել է ԱՊՀ-ի երկրների Կովկասի բաժնի պետ, Հասարակա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը: 

Նա հիշեցրել է, որ օգոստոսի  9-ին տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, ինչից հետո Անկարա է այցելել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, իսկ մինչ այդ` օգոստոսի  8-ին Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այդպիսով`  Վլադիմիր Եվսեեւի խոսքով, նկատելի է Սիրիայի առումով Մոսկվա-Թեհրան-Անկարա երկխոսության կառուցումը:   «Այդ երկխոսությունը շատ մեծ ապագա ունի: Եթե երկխոսություն կառուցվի նաեւ ամբողջ տարածաշրջանի մասշտաբով, իրավիճակը սկզբունքորեն կփոխվի: Այդ պայմաններում ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը շատ լուրջ պատնեշ կստեղծի Ադրբեջանի համար, որովհետեւ իր հետեւում Թուրքիային չզգալով, Բաքուն չի կարող հարձակման անցնել. առանց Անկարայի աջակցության, Բաքուն Ղարաբաղում լայնածավալ գրոհի չի անցնի», - ընդգծել է Վլադիմիր Եվսեեւը: Փաստացիորեն, շարունակել է նա, Ադրբեջանը զրկվում է շատ լուրջ աջակցությունից Լեռնային Ղարաբաղի գոտում պատերազմ վարելու առումով: