ՀՀ-ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ. սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբոր՝ Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը։
Նա իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է.
«Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016թվականի սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես հայտնի է բոլորին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է,որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է ՀՅԴ եւ երբեք դա չի թաքցրել:
Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, ԿԸՀ–ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ–ի կողմից եւ նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային եւ տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ:
Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ–ն ՀՀԿ–ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում: ՀՀ–ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ, սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ–ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին:
Ես պահանջում եմ ՀՅԴ–ից վերականգնել իմ խախտված իրավունքները, քանի դեռ ժամանակ կա դա անելու համար»:
Նշենք, որ Ծաղկահովիտ գյուղում առաջադրվել են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Նորիկ Հակոբյանը, ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը, որը, ի դեպ, հայտարարել էր, որ կհրաժարվի մրցակցությունից, եթե Արայիկ Խանդոյանն առաջադրվի:




























