Հայկական կողմը կկորցնի Լեռնային Ղարաբաղը, եթե շարունակի առաջնորդվել բացառապես ռուսամետ դիրքորոշումով: Այս մասին օգոստոսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նրա խոսքով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը անցնում է եզրափակիչ փուլ, դրա համար էլ շեշտադրում է արվում զիջումների վրա: «Եթե խոսում են փոխզիջումների մասին, ուրեմն թող մեզ տան Ադրբեջանի կողմից գրավված հարթավայրային Ղարաբաղի տարածքները՝ Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների փոխարեն»,- շեշտել է Արա Պապյանը:
Պապյանը համարում է, որ առաջիկա 1-2 ամիսներին Ռուսաստանը կփորձի պասիվ դիրքորոշում զբաղեցնել ղարաբաղյան հարցում, որպեսզի սպասի ու տեսնի, թե ինչ է կատարվում: «Ես չեմ կարծում, թե Հայաստանում որեւէ մեկը դեմ է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Բայց Ռուսաստանի առաջ պետք է հարց բարձրացնել՝ մեր դաշնակիցը չի կարող շարունակել զենք վաճառել մեր հակառակորդին ու մնալ մեր դաշնակիցը»,- ամփոփեց Արա Պապյանը:




























