Տասը դաշնակցական կարող են ունենալ  հավաստագիր, սակայն նրանցից մեկն է նշանակվում հանձնաժողովի անդամ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  այսօր՝ օգոստոսի 22-ին ասել է Արագածոտնի մարզպետ  Գաբրիել Գյոզալյանն՝ անդրադառնալով  «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր կնոջ՝ Սոնա Թամարյանի այն հայտարարությանը, որ  մարզպետը խոչընդոտել է Ծաղկավոիտ գյուղի ընտրական հանձնաժողովում իր ընդգրկվելուն։

«Ես դրանից տեղյակ չէի, երկրորդը՝ առաջադրված Արայիկ Խանդոյանը դաշնակցական չի, որն առաջադրվել է, այլ նրա եղբոր կինն է»,-ասել է մարզպետը։

Նշենք, որ Ծաղկահովիտ համայնքում գյուղապետի ընտրություններում իր թեկնածությունն  է առաջադրել նաեւ ազատամարտիկ, «Սասնա ծռեր խմբի» անդամ, անազատության մեջ գտնվող «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանը։

Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, դաշնակացական է։ Նրա կինը՝ Սոնա Թամարյանը, փորձել է առաջադրվել  ընտրական հանձնաժողովում՝ որպես դաշնակցության ներկայացուցիչ, սակայն նրան մերժել են, ինչի կապակցությամբ նա տարածել էր հայտարարություն՝ մեղադրելով մարզպետին։   Սակայն մարզպետը մեզ հետ զրույցում պնդում էր, թե ինքը  ՀՅԴ մարզային կառույցի ղեկավարը չէ եւ տեղյակ չի եղել այդ որոշումից։

«Ես խոսեցի մարզային կառույցի հետ, ասեց՝ մենք դրել ենք դաշնակցական  անդամի, ամբողջ իրականությունը սա, ոչ մի խոչընդոտ չի եղել։ Այդ հավաստագիրը տարբեր մարդիկ ունեն, նրանից մեկն է դարձել։ Այդ անդամի նշանակումն  էլ արդեն եղել է։  Տասը դաշնակցական կա, մեկն է դնում, խոսքը Արայիկ Խանդոյանի  եղբոր կնոջ մասին է, տարբեր մարդիկ կան մարզային կոմիտեն որոշել  է՝ ով դնի դաշնակցությունից։ Ես էդքան էլ չեմ զբաղվում անդամներով՝ ով է լինում, ով՝ ոչ»,-ասել է մարզպետը։

Հիշեցնենք, որ Սոնա Թամարյանը տարածել էր հետեւյալ հայտարարությունը․ «Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես հայտնի է բոլորին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է,որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է ՀՅԴ եւ երբեք դա չի թաքցրել:

Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, ԿԸՀ–ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ–ի կողմից եւ նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային եւ տարածքային կառույցները  հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ:

Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ–ն ՀՀԿ–ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն  է հայտնում: ՀՀ–ում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ, սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ–ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին:

Ես պահանջում եմ ՀՅԴ–ից վերականգնել իմ խախտված իրավունքները, քանի դեռ ժամանակ կա դա անելու համար»:

Նշենք, որ Ծաղկահովիտ գյուղում առաջադրվել են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Նորիկ Հակոբյանը, ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը, որը, ի դեպ, հայտարարել էր, որ կհրաժարվի մրցակցությունից, եթե Արայիկ Խանդոյանն առաջադրվի: