Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ աշնանացան ցորենի ցանքատարածքները կազմել են 111,6 հազար հեկտար (մեկ տարվա ընթացքում աճը կազմել է 3,4 հազար հա), իսկ գարնանացանինը՝ 3,5 հազար հեկտար (կրճատվել է 0,6 հազար հա): Ակնհայտ է, որ ընդհանուր առմամբ ցորենի ցանքատարածքներն աճել են: Այսինքն՝ ներմուծումը փոխարինելու հույս կա:
Նշենք, որ ցորենի բերքահավաքի ծավալը անցյալ տարի 45,5 հազար տոննայով կամ 13,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Նշենք նաեւ, որ Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի միջին ապրանքայնությունն անցյալ տարի կազմել է 58,6 տոկոս: Դա բնամթերքային, բայց եւ արդյունաբերական տնտեսություն չէ: Այն արդյունավետ արտադրության կես ճանապարհին է:
Առաջին հայացքից տարօրինակ է թվում հացահատիկի եւ հատիկաընդեղենների խմբի ցածր ապրանքայնությունը. 30,8 տոկոս անցյալ տարի, որից միայն 23,3 տոկոսն է, ըստ էության, բաժին ընկել առեւտրին: Սկզբունքորեն հացահատիկը պետք է տարբերվի համեմատաբար բարձր ապրանքայնությամբ: Սակայն մեծ թվով գործոններ հաշվի առնելու դեպքում (ցանքատարծքների մակերեսի փոքրաչափ լինելը՝ մեկ ֆերմերական տնտեսությանը միջինը 1 հա-ից մի փոքր ավելի, հողի որակը եւ այլն), ապա ամեն ինչ պարզ է դառնում:
Փոքրաթիվ չեն այն ֆերմերները, որոնք գործնականում ցորենի ողջ աղքատիկ բերքն օգտագործում են տանը հաց թխելու համար: Քանի որ, նրանց խոսքով, դա վաճառվող հացից ավելի էժան է:
Հացի, մակարոնեղենի եւ հրուշակագործական ապրանքի արտադրության համար հիմնականում ներմուծված ցորենի ալյուր է օգտագործվում (որոնք դասվում են պինդ տեսակներին): Անցյալ տարի, նախորդի համեմատությամբ, հացահատիկի ներմուծումը կրճատվել է գրեթե 8,3 հազար տոննայով: Ստացվում է, որ ներմուծման փոխարինիչը մասամբ հումքն է: Բայց միաժամանակ աճել է ալյուրի ներմուծումը՝ 16,4 հազար տոննայով: Հացահատիկի վերահաշվարկով դա կազմում է ավելի քան 21,8 հազար տոննա: Այնպես որ՝ ներմուծումը չի կրճատվել, այլ աճել է 5,4 հազար տոննային համարժեք:
Այս տարի ալյուրի արտադրությունը կրճատվել է 37,3 հազար տոննայով (կամ 17,0 տոկոսով): Այս անկումը համարժեք չէ վերեւում նշված ալյուրի ներմուծման աճին: Այստեղ ազդել են այլ գործոններ եւս: Մեկ տարվա ընթացքում հացի աչտադրության ծավալը կրճատվել է 5,8 հազար տոննայով (կամ 2,0 տոկոսով), մակարոնային արտադրանքինը՝ գրեթե 1,7 հազար տոննայով (37,0 տոկոսով):
Տեղեկանք. 1 կգ հաց պատրաստելու համար ծախսվում է 0,7 կգ ալյուր:
Այսպիսով, բերքահավաքը եւ հացահատիկի ներմուծումը աճել են , իսկ հացի եւ մակարոնային արտադրանքի արտադրության ծավալները կրճատվել են, սակայն նվազագույն չափով: Այսինքն՝ ակնհայտ է ցորենի ավելցուկը: Հնարավոր է՝ ներմուծված ցորենի պաշարների մի մասը պահեստավորվել է ընթացիկ տարվա համար: Գուցե ավելացել է հացահատիկի մեծածախ առեւտուրը, նաեւ դրանից ստացվող ալյուրի: Սակայն բացառված չէ, որ ներմուծման փոխարինիչի փոխարեն տեղ է գտել հակառակ երեւույթը, եւ բերքի աճ է գրանցվել միայն թղթի վրա:
Սմբատ Գրիգորյան





























