«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանի միջնորդությունն այսօր՝ օգոստոսի 22-ին, Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանի պաշտպանբ Արայիկ Պապիկյանը:

«Դատարանը եւս մեկ քննություն չհանձնեց, ցույց տվեց, որ արդարադատություն չի կարող իրականացնել, խնդիրը բացառապես քաղաքական հարթակում է»,- ասաց նա՝ նշելով, որ դատարանը որոշումը կայացրել է 10 րոպեում, ինչն ապացույցն է այն բանի, որ իրավական հիմք չունի:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ կալանավորման որոշումն անհիմն է: Նրա խոսքով՝ բացակայում է հիմնավոր կասկածը, քանի որ Ներսես Պողոսյանին կալանավորել են այն մարդկանց ցուցմունքների հիման վրա, որոնք հետո են կալանավորվել:

Նշենք, որ Սեֆլիյանի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում Ներսես Պողոսյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Մյուսները կալանավորված են: