«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը համեմատաբար լավացել է, ցավեր մեղմացել են: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը:
«Ոտքը դեռ չեն վիրահատել, անընդհատ հետաձգում են: «Էրեբունիից» եկել ոտքի կրունկից կախված ծանրությունը հանել են, գիպսի մեջ են դրել ոտքը, այսօր էլ ռենտգեն հետազոտության են ենթարկել: Պետք է ուղարկեն «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ բուժող բժշկին, որ որոշեն հետագա ընթացքը: Գիպս դնելուց հետո, ցավերը մի քիչ մեղմացել են»,-ասաց նա:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին եւ տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




























