Արդարադատության նախարարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը, այլ կերպ ասած, քրեականացնել ապօրինի հարստացումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Կառավարության օգոստոսի 18-ի նիստի ընթացքում ունեցած ելույթին:
«Երբ բարձրաստիճան պաշտոնյայի մոտ արձանագրվում է ունեցվածքի կամ ծախսերի զգալի աճ, որն անհամադրելի է օրինական եկամուտների ծավալի հետ, ապա, հարց է առաջանում՝ որտեղի՞ց նրան նման եկամուտ, ինչպե՞ս է ստացվում, որ նրա կատարած ծախսերի աճը հավասար չէ նրա օրինական եկամտին: Հենց այս հարցը տալու իրավունքն էլ վերապահվել է իրավապահ համակարգին, որը, այդ անհամադրելիությունը տեսնելով, կարող է պաշտոնատար անձից պահանջել հիմնավորել իր ծախսերի կամ գույքի զգալի աճի եւ դրանց ու իր օրինական եկամուտների միջեւ անհամամասնության առկայությունը եւ միայն հիմնավորումների բացակայության դեպքում՝ ենթարկել քրեական պատասխանատվության»,- ասաց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ պաշտոնատար անձը քրեական պատասխանատվության կենթարկվի նաեւ այն պարագայում, եթե պարզվի, որ պաշտոնատար անձն իր եկամուտներն ու գույքը ձեւակերպել է իր հետ փոխկապակցված անձի անունով:





























