Ֆեթուլլահ Գյուլենի ստեղծագործությունների մուտքը Ադրբեջան արգելված է: Այս մասին «Թուրան»-ին ասել է Կրոնական կառույցների աշխատանքի հարցերով պետական կոմիտեի կրոնի բաժնի պետ Նահիդ Մամեդովը:
Նրա խոսքով՝ «չկա երկրի կրոնական գրականության մուտքի արգելման տերմին»: Իրականում եզրակացություն է տրվում այս կամ այն գրականություն բերելու նպատակահարմարության կամ ոչ նպատակահարմարության մասին:
Մամեդովը նաեւ նշել է, որ Ադրբեջան Գյուլենի գրքերի մուտքի աննպատակահարմարության մասին որոշումը գործում է 2008 թվականից:
Կրոնական գրքերն աննպատակահարմար ճանաչելու չափանիշ է համարվում դրանցում կրոնական թշնամություն հրահրելու, ատելության եւ առավելության նշանների առկայությունը:
Գյուլենի գրքերում քարոզվում է Գյուլենի միության անդամների առավելությունը, ինչի պատճառով դրանք աննպատակահարմար են ճանաչվել:





























